Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում

Իլհամ Ալիևը, Շառլ Միշելն ու Նիկոլ Փաշինյանը
Կառավարության ղեկավարը հուսով է, որ հերթական եռակողմ հանդիպման ընթացքում կհաջողվի աջաընթաց գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Նիկոլ Փաշինյան–Շառլ Միշել–Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին Բրյուսելում։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,– ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի զատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորրորդ հանդիպումը։
Հիշեցնենք` հունիսի 1-ին Մոլդովայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը:
Հանդիպումից հետո Շառլ Միշելը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հուլիսի 21-ին իր մասնակցությամբ ևս մեկ հանդիպում է նախատեսվում Բրյուսելում։
Հնգակողմ հանդիպումից առաջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին բանակցություններ էին անցկացրել Բրյուսելում ՝ Միշելի, իսկ մայիսի 25-ին Մոսկվայում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: