ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ներկայացված իր առաջարկները կօգնեն դրական ելք գտնել պարենային գործարքի հետ կապված իրավիճակից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ հացահատիկի գործարքի երկարաձգման նախադրյալներ չկան, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պարտավորությունները չեն կատարվում:
«Մենք լիովին հանձնառու ենք ջանքեր գործադրելու Սևծովյան նախաձեռնության երկարաձգման և ռուսական արտադրանքի ու պարարտանյութերի արտահանման հաջող ապահովման համար։ Այս համատեքստում ես նամակ եմ հղել նախագահ Պուտինին՝ կոնկրետ առաջարկներով, որոնք, հուսով եմ կարող են օգնել մեզ` դրական ելք գտնելու»,– Բելգիայում լրագրողներին ասել է Գուտերեշը։
Նա հավելել է, որ ռուսական կողմից իր նամակին դեռ պատասխան չի ստացել։
Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում Սև ծովի երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժով զբաղվում է Ստամբուլի` միասնական համակարգող կենտրոնը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ:
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է։ Երկրորդ մասը Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրն է։ Այն հաշվարկված է երեք տարվա համար և նախատեսում է ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում։ Հիմնախնդիրների թվում նշվել է «Ռոսսելխոզբանկ»–ի վերամիավորումը SWIFT–ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Ինչպես նշում են Մոսկվայում` փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։