ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։
Նա նաև ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Նախագահը ծաղիկներ է դրել զորամասի տարածքում գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
© Photo : official site of the President of RA
Խաչատուրյանը ծանոթացել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կեցության պայմաններին։
Նա այցելել է նաև Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են հիմնադրամի կողմից կառուցվող նոր ինֆեկցիոն մասնաշենքը: Իսկ Բերքաբերի համայնքապետարանի բակում Հայկակ Արշամյանը քարտեզների և գծագրերի միջոցով նրան է ներկայացրել նոր կառուցված պոմպակայանը և գյուղում իրականացված մյուս ծրագրերը։
ՀՀ նախագահը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում
Նախագահն այցելել է նաև Լուսաձոր գյուղում գտնվող Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված ֆերմա և պանրի արտադրամաս։
Այցի վերջում Տավուշի մարզպետարանում նրա գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցությւոն Տավուշի մարզպետարանում ՀՀ նախագահի գլխավորությամբ
© Photo : official site of the President of RA