ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է լրացուցիչ իրավասություններ տալ վարչապետին` լրացնելով«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»` 2018 թվականի մարտի 23-ին ընդունված օրենքի 7-րդ հոդվածը։
Օրենքի լրացումից հետո վարչապետն իրավասություն է ստանում ձևավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ–ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով և հաստատելու դրա աշխատակարգը, ինչպես նաև հաստատելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում ՀՀ –ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը:
ԱԺ–ի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով հիմնական զեկուցող, միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, հետաքրքրվեց, թե ինչու այս որոշումը պետք է ընդունի վարչապետը, ոչ թե կառավարությունը։ Ըստ ընդդիմադիրի՝ դա կարող է վնաս հասցնել միջազգային ատյաններում թեկնածուների ընտրության թափանցիկությանը։ Կիրակոսյանն ի պատասխան նշեց, որ վարչապետն ավելի լավ է տիրապետում միջազգային քաղաքականության ոլորտին, և ամենանպատակահարմարը այդ իրավասությունը նրան տալն է։
«Ինչ վերաբերում է դատավորի ընտրության թափանցիկությանը և չափանիշներին, ապա դրանք սահմանվում են կոնվենցիաներով, և թեկնածուները միջազգային դատարաններում անցնում են լրացուցիչ ֆիլտրով»,- ասաց նա։
Կիրակոսյանը հիշեցրեց, որ մինչև այս տարվա դեկտեմբեր Հայաստանը պետք է երեք թեկնածու ներկայացնի ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար, քանի որ գործող դատավորի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականին։ Դատարանը կընտրի ներկայացված երեք թեկնածուներից մեկին։
Նշենք, որ այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորն է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը։ Նա ընտրվել է 2015 թվականին 9 տարի ժամկետով։