ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների կրթությունն այս ընթացքում կազմակերպվել է հեռավար եղանակով։ Կառավարության նիստից հեռո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` հեռավար կրթության կազմակերպումը վերաբերում է այն ուսանողներին, որոնք, օրինակ, հանգստյան օրերին Արցախ` տուն էին մեկնել, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չեն կարողացել Հայաստան վերադառնալ։
«Նույնկերպ ապահովել ենք նաև ընդունելության միասնական քննությունների կազմակերպումը, նաև ներբուհական քննությունները` արվեստի, սպորտի, այլ ոլորտներում, այս գործընթացն էլ ենք ապահովել Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է ուսումնասռությանը, իհարկե, ես ինքս այս հարցը շարունակաբար բարձրացնում եմ, որ պետք է ապահովվի ուսանողների կրթության իրավունքը»,– նշեց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ նաև նամակներով է դիմել համապատասխան կառույցներին։ Ոլորտի պատասխանատուն հույս հայտնեց, որ սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի, և հայաստանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողները կկարողանան գալ։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, կրկին կփորձեն ուսանողների կրթությունը կազմակերպել հեռավար եղանակով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։