Հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսակետում մոդուլային տաղավարներ կկառուցվեն

Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։ Եվս 110.2 մլն դրամ փոխանցվելու է առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայ–թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծից։
Մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին մաքսակետի կառուցման 1-ին փուլի շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման համար արդեն վճարվել է 140.4 մլն. դրամ։
Մաքսակետի կառուցման 2-րդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը ենթարկվել են պարզեցված փորձաքննության և ստացել դրական եզրակացություն։
Պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը՝ 110.2 մլն դրամը, փոխանցվելու է կապալառուին՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով:
«Մաքսակետի գործարկման համար սահմանված սեղմ ժամկետներով և դրա իրականացման գործընթացին առնչվող ոչ ստանդարտ մոտեցումներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել գլխավոր կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ին տրամադրել գումար՝ 20․06․2023թ․կնքված թիվ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-23/2 պայմանագրի գնի քառասունչորս տոկոսի չափով՝ առնվազն երեք մոդուլային տաղավարների երկաթբետոնե հիմքերի սալերի աշխատանքների իրականացման պայմանով»,– ասված է որոշման նախագծում։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ավելի ուշ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնություններով հայ-թուրքական սահմանը մինչև ամառ նախատեսվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:
2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ․ ՊԵԿ
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսվում է կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և միահարկ պահեստ: