ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ ԱԳ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը արձանագրվել է, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
«Պետնախարար Լինդներին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 7–ին գերմանացի մեկ այլ պաշտոնյա` Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Երևան, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հանդիպել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։