ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – -Sputnik. Երևանի քաղաքապետարանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ֆինանսավորման շուրջ բանակցություններ է վարում Եվրասիական զարգացման բանկի հետ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
«Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ ընթացքի մեջ են բանակցությունները Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարության ֆինանսավորման վերաբերյալ, մասնավորապես՝ Աջափնյակի կայարանի շինարարության մասով», - հայտնել են քաղաքապետարանից:
Սակայն նշել են, որ ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։
Հաշվի առնելով, որ ԵԱԶԲ-ն դիտարկել է մի քանի նախագծեր, որոնք առնչվում են քաղաքապետարանին, հետաքրքրվեցինք, թե դրանցից որն է առաջնային համարվում Երևանի համար:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆինանսավորման տեսանկյունից առաջնահերթ է համարվում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության ծրագիրը, քանի որ 2023 թվականի վերջում կավարտվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները և կսկսվի շինարարական ընկերության ընտրության մրցութային գործընթացը։
Հունիսի 19-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը (Երևանի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուն - խմբ.) հայտարարել է, որ քաղաքապետարանը ձեռնամուխ է լինում մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման երկրորդ ու երրորդ փուլերին:
Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը նշել էր, որ բանկը հետաքրքրված է Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքի վերանորոգման նախագծով: Ընդ որում, ԵԱԶԲ-ի համար նախընտրելի է ամբողջ ենթակառուցվածքի հիմնանորոգումը։