Բլինկենն Ալիևի հետ զրույցում հայտարարել է, որ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ է անհրաժեշտ

Ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – -Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Բլինկենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Բլինկենն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների խաղաղ կարգավորմանը`հայտարարելով «քննարկումների ժամանակ ստեղծագործական մոտեցման, ճկունության և փոխզիջման»անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրույցի ընթացքում Փաշինյանը նշել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ գործողությունների անհրաժեշտությունը:
«Պատրաստ եմ աջակցել». Բլինկենը` հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։