«Ալաշկերտը» ոչ–ոքի խաղաց «Արսենալ Տիվատի» հետ. Կոնֆերենցիաների լիգա

«Ալաշկերտի» մարզիչը Վահե Գևորգյանը
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» առաջին խաղում ոչ-ոքի` 1։1 խաղաց Մոնտենեգրոն ներկայացնող «Արսենալ Տիվատի» հետ։ Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։
Հանդիպման 10-րդ րոպեին նշանակված տուգանայինը երևանյան ֆուտբոլիստները չկարողացան լավագույնս օգտագործել։ Րոպեներ անց Դավիդ Խուրցիձեն ընթացքից հարված կատարեց, սակայն գնդակը փոքր շեղությամբ դուրս եկավ դիմային գծից։
23-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Խուլիան Մոնտենեգրոն։
Խաղի 43-րդ րոպեին Եդիգարյանի հեռահար հարվածից հետո հյուրերի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։ Երկու րոպե անց Եդիգարյանը վրիպեց նպաստավոր դիրքից։
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեն Ագդոն Մեզեսը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 60-րդ րոպեին Դավիդ Խուրցիձեի հարվածից հետո դարպասապահը գնդակը հանեց անկյունային։
61-րդ րոպեին Վիտալի Ուստինովը հեռվից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Խփած գոլից հետո Վահե Գևորգյանի թիմը շարունակեց ճնշում գործադրել, սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 20–ին։
Նշենք, որ այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներ անցկացրին «Փյունիկն» ու «Արարատ–Արմենիան»։ Առաջինը հաղթեց էստոնական «Նարվային», իսկ «Արարատ–Արմենիան» ոչ–ոքի խաղաց ալբանական թիմի հետ։