ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, այս անգամ` Գեղարքունիքի սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 12-ի ժամը 21:00-ից հուլիսի 13-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Վերին Շորժայի ու Սոթքի ուղղությամբ կրակ էին բացել նաև հունիսի 21–ի ժամը 22:55-ից հունիսի 22–ի 00:45-ն ընկած ժամանակահատվածում։
Ադրբեջանը սահմանին լարվածություն է ստեղծել նաև երեկ` հուլիսի 12–ին։ ժամը 05:30-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում (Սյունիք) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն։ Ադրբեջանական զինուժը նույն ուղղությամբ կրակ է բացել նաև 12:10-ին։ Այդ կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ն. Թ.-ն: Իսկ ժամը 13:40-13:50-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։