«Վագներ» խումբն իր սպառազինությունն ու տեխնիկան փոխանցել է ՌԴ զինվորականներին: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՌԴ զինված ուժերն ավարտում են «Վագներ» խմբից սպառազինության և ռազմական տեխնիկայի ընդունումը», – նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՌԴ զինվորականներին է փոխանցվել ավելի քան երկու հազար միավոր սպառազինություն և տեխնիկա, այդ թվում՝ հարյուրավոր տանկեր, «Գրադ» և «Ուրագան» համազարկային կրակի հրթիռային համակարգեր, «Պանցիր» զենիթահրթիռային համալիրներ, ինքնագնաց հրետանային կայանքներ, զրահափոխադրիչներ, ինչպես նաև ավելի քան 2,5 հազար տոննա զինամթերք և մոտ 20 հազար միավոր հրաձգային զենք։
Փոխանցված տեխնիկայի մեջ կան տասնյակ միավորներ, որոնք մարտական պայմաններում ոչ մի անգամ չեն կիրառվել։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ սպառազինությունն ու տեխնիկան թիկունք է ուղարկվում տեխնիկական սպասարկում անցնելու և օգտագործման պատրաստելու համար: Ընդ որում` ծանր թրթուրավոր տեխնիկան փոխադրվում է հատուկ տեխնիկայով, որպեսզի ասֆալտի ծածկույթը չվնասվի։