ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեծ սպասելիքներ ունի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղից, որը կլինի ալբանական «Էգնատիայի» դեմ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ մրցակիցը լավ թիմ է` հիշեցնելով, որ այն վերջին մեկ տարվա ընթացքում 20 տրանսֆեր է իրականացրել:
«Լրիվ ուսումնասիրել ենք մրցակցին։ 100 %-ով ծանոթ ենք նրանց։ Այս թիմում հիմնականում լեգեոներներ են, և հենց նրանք էլ եղանակ են ստեղծում: Առավել լավ տպավորել է առաջնագիծը: Լավ թիմի տպավորություն է թողնում: Երբ խաղում ենք տանը, փորձում ենք առաջին համարով խաղալ: Բայց ֆուտբոլում այսպես է` ամեն թիմ խաղում է այնքան, որքան թույլ է տալիս մրցակիցը»,– ասել է նա։
Մինասյանի խոսքով` ընդհանուր թիմային աշխատանքը սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ։
«Մենք փորձելու ենք վերահսկել գնդակը, բայց նաև չենք մոռանալու, որ սա երկխաղյա դիմակայություն է»,- ասել է մարզիչը։
Նա հայտնել է նաև, որ առաջիկայում նոր համալրումներ կլինեն ակումբում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիա»–«Էգնատիա» հանդիպումը կկայանա Ավանի ակադեմիայի մարզադաշտում հուլիսի 13-ին` ժամը 19:00-ին: