Լեռնային Ղարաբաղ. 100 տարվա մաքառում

Բողոքի ակցիա. արխիվային տեսանյութ
Մինչ մենք զբաղվում ենք միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, Ադրբեջանի ղեկավարությունը դասեր է քաղում մեր սխալներից։
Sputnik
Ուղիղ 100 տարի առաջ՝ 1923 տարվա հուլիսին, Արցախը ինքնավար մարզի պաշտոնական կարգավիճակ ստացավ Ադրբեջանի կազմում։
Չեմ պատրաստվում անդրադառնալ այն մանրամասներին, որոնք բոլորդ գուցե ինձնից լավ գիտեք, միայն ասեմ, որ երբ խորհրդային իշխանությունը վիճահարույց տարածքը փոխանցեց Բաքվի տիրապետության տակ, ամենազարմանալին Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի այն ժամանակվա ղեկավար Սերգեյ Կիրովի լավատեսական հայտարարությունն էր. «Մեր ամենախոշոր, ամենաակնառու ձեռքբերումը այսպես կոչված ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է։ Այդ հարցը մենք ի վերջո կարգավորեցինք և, անշուշտ, շատ ճիշտ գործ արեցինք։ Ոչ մի կասկած չկա, որ այդ հարցը վերանայելու կարիք այլևս չի լինի»։
Պատմաբանները մինչև հիմա էլ փորձում են հասկանալ, թե ինչու էր Կիրովը համոզված, որ հիմնականում հայերով բնակեցված տարածքի փոխանցումը Ադրբեջանին ամենախելամիտ որոշումն էր, չէ՞ որ դա ընդհակառակը հանգեցրեց առճակատման և մի քանի պատերազմի պատճառ դարձավ։
Նույնքան դժվար է հասկանալ Հայաստանի ներկա իշխանությունների տրամաբանությունը, երբ նրանք պարզապես բացեիբաց հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի տարածքում է, բայց, ինչպես երևում է, ամենևին մտադիր չեն պայքարել Լեռնային Ղարաբաղի գոնե նախկին կարգավիճակի՝ ինքնավար մարզի վերականգնման համար։ Բայց չէ՞ որ նման կարգավիճակ Ղարաբաղն ունեցել է մոտ 70 տարի շարունակ։ Հենց այս իրողությունն է մատնանշում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որի համոզմամբ` Հայաստանի իշխանությունները շտապել են հայտարարել , թե Արցախն Ադրբեջանում է. «Արցախ, որը պատմականորեն եղել է հայկական, Արցախ, որը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, Արցախ, որը 75 տարի սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, Արցախ, որը նախորդ երեսուն տարիներին եղել է անկախ քաղաքական միավոր։ Այս Արցախը մենք ուզում ենք պարզապես նվիրել Ադրբեջանի՞ն, պարզապես տա՞լ... Իրո՞ք, էս ա մեր իշխանությունների կարողությունը»։
Իհարկե, ներկա իշխանություններն էլ նախկիններին քննադատելու իրավունք ունեն։ Բայց տեսեք՝ մինչ մենք զբաղվում ենք միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով, Ադրբեջանի ղեկավարությունը դասեր է քաղում մեր սխալներից։ Երևի հիշում եք՝ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անընդհատ խոսվում էր այն մասին, որ ռազմի դաշտում հաղթելը բավարար չէ, այդ հաղթանակը անհրաժեշտ է անպայման ամրագրել դիվանագիտական միջոցներով։ Հիմա տեսեք, թե կիրակի օրն ինչ է ասել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. «44-օրյա հայրենական պատերազմից և դրանում մեր հաղթանակից հետո մեր գլխավոր առաջնահերթությունը այդ հաղթանակի ամրագրումն է իրավական և դիվանագիտական մակարդակներում, դրա ընդունումը միջազգային հանրության կողմից»։
Իսկ նախագահ Ալիևն ավելացրել է. «Հայաստանը պետք է երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանավոր հնչեցրած հայտարարությունները ամրագրի թղթի վրա»։ Այսինքն` մենք` հայերս, ժամանակին չարեցինք, ադրբեջանցիներն անում են։
Երկրորդ դասը։ Հաղթանակից հետո, նույնիսկ հրաշալի իմանալով, որ Ադրբեջանը չի համակերպվելու հողերի կորստյան հետ և ամեն գնով փորձելու է դրանք հետ բերել, մենք այնքան հանգստացանք ու ոգևորվեցինք, որ շարունակ, ամեն առիթով և անառիթ միայն կրկնում ու կրկնում էինք դատարկ խոսքերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին։ Իսկ Ադրբեջանը հետևողականորեն հզորացնում էր իր զինված ուժերը նաև մեծ եղբոր՝ Թուրքիայի ամենաակտիվ մասնակցությամբ։ Էլի մենք չարեցինք, Ադրբեջանն արեց։
Եվ երրորդ դասը, որը հիմա էլ չենք կարողանում սերտել։ 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանը, նույնիսկ մի քանի շրջան կորցնելով, երբեք չընդունեց, որ պարտված է ու կտրականապես մերժեց «տարածքներ կարգավիճակի դիմաց» գործարքը։ Մենք 2020-ի պարտությունից հետո մի ծայրահեղությունից նետվեցինք դեպի մյուս ծայրահեղությունն, ու մարդիկ, որոնք դեռ երեկ հպարտորեն հայտարարում էին, թե Աղդամն իրենց հայրենիքն է, այսօր լիովին ստանձնել են պարտվածի դերը ու պատրաստ են ցանկացած զիջման։ Ընդ որում` ամեն կերպ ժողովրդի մեջ են տարածում պարտվողական տրամադրությունները` չխորշելով դրա համար նույնիսկ եղանակի տեսությունն օգտագործելուց։ Արցախ անվանումը ադրբեջանցիներին դուր չի գալի՞ս, ուրեմն հեռուստաէկրանից այսուհետ կհնչի Լեռնային Ղարաբաղ։ Վաղն էլ Հայաստանը կկոչենք Արևմտյան Ադրբեջան։ Ինչպես կասեր Միխայիլ Լերմոնտովը, ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան տխուր։
Ինչո՞ւ Երևանը չի փորձում ընդհանուր հայտարարի գալ Ստեփանակերտի հետ
Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի` վերջին օրերին արդեն երկրորդ անգամ հնչեցրած առաջարկին՝ թույլ տալ իրեն և իր հավաքած թիմին ադրբեջանցիների հետ բանակցել Ղարաբաղի շուրջ, ապա այստեղ բազմաթիվ բարդ հարցեր են ծագում, բայց գլխավորը սա է՝ ինչպես եք պատկերացնում, որ ներկաները, որոնք ակնհայտորեն ատում են նախկիններին, թույլ տան այդ նախկիններին լուծել Ղարաբաղի հարցը։ Բա որ ստացվի՞։
Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են
Պատերազմի հանգամանքների մասին պետք էր կա՛մ անկեղծ խոսել, կա՛մ պարզապես լռել