ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ միջազգային հանրությունը գործի կդնի համապատասխան գործիքակազմը՝ իրագործելու Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքը բացելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Սա անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխելու և Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանգնեցնելու նպատակով։ Քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է հանդուրժի նման գործողությունները և միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշման արհամարհումը»,– նշված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունն արձանագրել է նաև, որ միջազգային հանրությանը և միջազգային մարդասիրական կազմակերպություններին այս ամիսների ընթացքում դեռևս չի հաջողվել ապահովել իրենց հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան փաստահավաք առաքելություն իրականացնելու և հումանիտար աջակցություն տրամադրելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ–ն հիշեցնում է, որ արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Նաև նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող այս գործողությունները ոչ միայն ուղղակիորեն հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այլև բացահայտ արհամարհանք են քաղաքակիրթ հանրության՝ Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու կոչերին, տարբեր խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերին և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։