Ֆրանսիացի պատգամավորները հանդես կգան հայանպաստ նախաձեռնություններով. քննարկումներ Փարիզում

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այսօր Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները խոսել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների սահմանման մասին։
«Ֆրանսիան մշտապես Հայաստանի կողքին է և շարունակելու ներդնել բոլոր ջանքերը»,– ասել է Ֆրանսիայի ԱԺ նախագահը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն
Գործընկերները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական միջխորհրդարանական գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, որը վերաբերում է նաեւ միջխորհրդարանական բարեկամական խմբերին:
Ալեն Սիմոնյանը կարևորել է այն փաստը, որ ֆրանսիացի բոլոր գործընկերների հետ հանդիպումներն անցնում են Հայաստանի մասին քաջատեղյակ մթնոլորտում:
«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շարունակական միջնորդական ջանքերը, ինչպես նաև խորհրդարանականների հետևողական աջակցությունը և Հայաստանի հետ մշտական կապի մեջ լինելը»,– ասել է Ալեն Սիմոնյանը։
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ միջազգային գործընկերներից հստակ քայլեր են ակնկալվում տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև առաջիկայում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից սպասվող հայանպաստ նախաձեռնություններին:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել հունիսի 10-ին։
Երեկ խորհրդարանի ղեկավարի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ, այնուհետև ֆրանսիացի սենատորների հետ` Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորությամբ։
Այսօր հայ խորհրդարանականները հանդիպել են Ֆրանսիայի սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի հետ։