ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Զգալի չափերի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու մեղադրանքով կալանավորվել է 26–ամյա երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ երիտասարդին թմրամիջոցներ իրացնելու կասկածով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին 2023թ․ հուլիսի 8-ին։
«Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի՝ ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 10 հատ փաթեթ, որոնցից հինգը՝ 6.59, հինգը՝ 6.45 գրամ քաշով, ինչպես նաև 0.24 գրամ քաշով բյուրեղանման զանգվածով փաթեթ և գաղտնի փականով դանակ»,– ասված է հաղորդագրությունում:
Խուզարկություն է կատարվել նաև նրա բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են 72 հատ տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, յուրահատուկ հոտով փաթեթներ, տան առարկաների վրա՝ դեղնականաչավուն, չորացած հետքեր, մահակի նմանվող առարկա, ինչպես նաև տարբեր գույների ինքնակպչուն ժապավեններ, որոնք առգրավվել են:
Դատաքրեագիտական և դատաքիմիական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված փոշեբյուրեղային զանգվածը հանդիսացել է 0.11 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, իսկ փորձաքննությանը տրամադրված թվով 10 փաթեթներից պատահական ընտրված 4 փաթեթների պարունակությունը՝ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Միջնորդություն է հարուցվել դատարան՝ երիտասարդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ապօրինի շրջանառությանը մասնակից այլ անձանց առկայությունը պարզելու ուղղությամբ: