Փաշինյանը Երևանում ներկա է եղել Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի բացման արարողությանը

Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Խորեն Հովհաննիսյանը մարզադպրոցի բացմանը
Վարչապետը շրջել է մարզադպրոցով, ծանոթացել իրականացված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին:
«Կան մարդիկ, որոնք իրենք իրենց, իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է»,–ասել է վարչապետը։
Նա համոզմունք է հայտնել, որ բազմաթիվ ծնողներ, երեխաներ, իմանալով «Խորեն Հովհաննիսյան» ակադեմիայի գոյության մասին, կշտապեն դպրոց։
Նիկոլ Փաշինյանն ու Խորեն Հովհաննիսյանը
«Պարոն Հովհաննիսյան, կրկին շնորհակալ եմ Ձեր վաստակի, աշխատանքի համար, շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար, որ Դուք ամեն օր այստեղ պետք է հետևեք, թե երեխաներն ինչպես են զբաղվում ֆուտբոլով: Համոզված եմ, որ դա նոր որակ կբերի»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը նաև նշել է, որ մարզադպրոցի բացմանը ներկա են մարդիկ, որոնց անվան մարզադպրոցների բացման առիթով կրկին հնարավորություն կլինի հավաքվել:
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի բացման արարողությունը
«Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում: Այս պրոցեսը պետք է տեղի ունենա»,–ասել է նա։
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի դաշտը
Հավելենք, որ մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են 2022թ. գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:
Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցի դաշտը
Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին. ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ: