ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Փաստաբանները եռօրյա գործադուլ են սկսել։ Նրանք բողոքում են ոստիկանության բաժնում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած բռնության դեպքերի դեմ։
Այս պահին նրանք փաստաբանների պալատի մոտից քայլերթով գնում են դեպի ՀՀ ՆԳՆ` պահանջելու ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։
«Մեր խնդիրը ոստիկանության ինստիտուտի դեմ չէ, մեր խնդիրը ոստիկանական համակարգում տեղ գտած բռնություններ իրականացնող անձանց հետ է, որոնք քաղաքացու իրավունքները պաշտպանելու փոխարեն բռնություն են կիրառում նրանց հանդեպ։ Մենք պահանջում ենք նրա հրաժարականը, քանի որ այս բոլոր դեպքերը եղել են նրա պաշտոնավարման ընթացքում ու նա ոչ մի պատշաճ արձագանք չի տվել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Երևանում մեկնարկել է փաստաբանների եռօրյա գործադուլը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ երեք օր փաստաբանները գործադուլ կանեն՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Արա Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ բացի բողոքի ակցիայից, փաստաբանները նաև ստորագրահավաք են սկսել։ 502 փաստաբան արդեն միացել են պահանջին, որպեսզի ոստիկանապետը ճանաչվի «փաստաբանության թշնամի»։ «Մենք նման ծայրահեղ քայլի ենք գնացել , որպեսզի պաշտոնատար անձիք հիշեն, որ այդ խարանը ամբողջ կյանքում մնալու է իրենց վրա»,– ասաց նա։
Երևանում մեկնարկել է փաստաբանների եռօրյա գործադուլը
© Sputnik / Aram Nersesyan
Վաղը նրանք բողոքի ակցիա կանեն Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։
Նշենք, որ փաստաբանների ակցիաները մեկնարկեցին հունիսի 7-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Սա փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու առաջին դեպքը չէ։ Նախորդ անգամ էլ ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։