ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում 2024 թվականի Պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Ստեփանյանը գնդի հրում վարժության F54-F55 դասակարգման խմբում 9.78 սմ. արդյունքով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
«Առաջին երեք մոտեցումներիս լավ հանդես չեկա. 9.17, 9.38 և 9.35 հրեցի գունդը: Արդեն մտահոգվում էի, նաև այդ օրը մի քիչ գլխացավ ունեի, մտածեցի՝ դա է պատճառը: Մեզ ոգևորելու էր եկել նաև Ռոբերտ Էմմիյանը՝ ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը: Մինչ այդ ասել էր՝ «Սարգիս ջան, քո անունը վանկարկելու եմ, բղավելու եմ, պետք է հաղթահարես ուղեգրի համար նվազագույն ցուցանիշը»: Բարձր, զրնգուն ձայնով կանչեց, ոգևորությունս բարձրացավ: Ու վերջին 3 մոտեցումներում 9.74, 9.76 և 9.78 գրանցեցի»,– խոսելով մրցույթի մասին ասել է Ստեփանյանը:
Նա խոստանել է, որ սա դեռ սկիզբն է և 2024 թվականի Փարիզի Պարալիմպիկ խաղերում ամեն ինչ անելու է մեդալ նվաճելուն մոտենալու համար:
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Փարիզում ընթացող Պարաաթլետիկայի աշխարհի 2023 թվականի առաջնությանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Թիմի կազմում Փարիզ է մեկնել նաև Արման Սարգսյանը։ Նա հանդես կգա T53 սայլակավազքում, Սմբատ Կարապետյանը՝ T54 սայլակավազք, Սարգիս Մխիթարյանը՝ F57 գնդի հրում:
Հավելենք, որ աշխարհի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 17-ը:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականին մարտական առաջադրանք կատարելիս զրկվել է երեք վերջույթներից։
Հետագայում հիմնել է հայ հերոսների վերականգնողական կենտրոնը, որտեղ նաև իր փորձով օգնում է զինհաշմանդամներին կյանք վերադառնալ։
Նա բազկամարտի Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն է։