Գուտերեշը ջանք է թափում, որ հացահատիկի գործարքը երկարաձգվի

ՄԱԿ-ը կապի մեջ է սևծովյան նախաձեռնության բոլոր կողմերի, այդ թվում ՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներգրավված է Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգմանն ուղղված ջանքերում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Հացահատիկային գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին:

«Ես այսօր առավոտյան խոսել եմ գլխավոր քարտուղարի հետ։ Նա, ինչպես նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը, հումանիտար հարցերով նրա տեղակալ Մարտին Գրիֆիթսը լրջորեն ներգրավված են մեր ջանքերում՝ ապահովելու պայմանավորվածությունների երկարացումը և «Սևծովյան նախաձեռնության» և հուշագրի ամբողջական իրագործումը (ՌԴ-ի և ՄԱԿ-ի միջև փոխըմբռնման մասին)»,- ասել է Դյուժարիկը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է բոլոր կողմերի, այդ թվում՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի հետ:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
ՄԱԿ-ում Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը վստահ չէ, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ:
Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը մինչ օրս չի կատարվում։
Հացահատիկային գործարքի երկարաձգման համար փաստարկ չեմ տեսնում. Լավրով