Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը` նշելով, որ կրակոցներն արձանագրվել են այսօր՝ ժամը 12:25-ին։
Ընկերությունը նաև տեսագրություն է հրապարակել։
Կադրերում երևում է, թե ինչպես են գործարանի աշխատակիցները վազելով լքում թիրախավորված տարածքը։
«Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։
Չնայած այս ամենին` Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Ավելի վաղ` հուլիսի 7–ին, մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։