ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով անհրաժեշտ են միջազգային կոնկրետ քայլեր: Խորվաթիայում հուլիսի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով հունիսի 15-ից խոչընդոտներ են ստեղծվել անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-8-ը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկ համաժողովին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ 2023 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է Լաչինի միջանցքի խնդրի շուրջ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարարի հետ։ Բացի այդ, այս, ինչպես նաև մի շարք այլ հումանիտար հարցեր նա բարձրացրել է Ադրբեջանում։