ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայկական լավաշն ընդգրկվել է աշխարհի լավագույն հացերի թոփ-10-ում։ Ըստ TasteAtlas խոհարարական ուղեցույցի՝ այն զբաղեցնում է 9-րդ տեղը: Վարկանիշը հրապարակվել է TasteAtlas-ի Twitter-ի էջում:
Առաջին տասնյակում տեղ է գտել նաև այն հացամթերքը, որն ավանդաբար պատրաստվում է Իրանում, Չինաստանում, Թուրքիայում և այլն:
Նշենք, որ դեռևս 2014 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն հայկական լավաշի պատրաստման և օգտագործման ավանդույթը ներառել էր մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը զբաղեցրել է 90-րդ տեղը (3,80 միավոր) 2022 թվականի աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ TasteAtlas-ի։
Հայկական հայտնի ուտեստների շարքում նշված են լավաշը, տոլման, հարիսան, ղափաման:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ գործադիր տնօրեն, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի հիմնադիր, WorldSkills Armenia ազգային թիմի փորձագետ Արբի Կարախանին այս տարվա փետրվարին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է լրջորեն զբաղվի ազգային խոհանոցի մասսայականացմամբ և երկրի սահմաններից դուրս մրցունակ, պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմամբ:
Կարախանիի խոսքով՝ TasteAtlas-ի նման հարթակները մեծամասամբ ագրեգատներ են, որոնք հիմնված են տարբեր սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների վրա։