ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու Բաքվի պատրաստակամության մասին:
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան մասնավորապես ասել է, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում լարվածություն էր առաջացել, ինչի համար «շատ լուրջ պատճառներ կային»: Սակայն Ադրբեջանը բարձր է գնահատում Իրանի արտգործնախարարի այցը Բաքու, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը, ինչպես նաև այդ այցի շրջանակներում նրա հանդիպումը Իլհամ Ալիևի հետ:
«Մենք տեսնում ենք տարաձայնությունները վերացնելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու Իրանի մտադրություն։ Այդ դեպքում Ադրբեջանը համարժեք և փոխադարձ քայլեր կձեռնարկի»,- Բայրամովի խոսքը մեջբերում է Sputnik Ադրբեջանը։
Անդրադառնալով Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետաքննությանը` նա նշել է, որ այն մոտենում է ավարտին: Նախարարը ասել է, որ դեսպանատան անվտանգությունն ամբողջությամբ ապահովելուց հետո հնարավոր կլինի ծրագրել դիվանագիտական առաքելության գործունեության վերսկսումը:
Երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանում լարվածություն է նկատվում։ Հերթական սրացման առիթ էր դարձել հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը ադրբեջանցի Յասին Հուսեյնզադեի կողմից։ Հետագա ամիսներին կողմերը փոխադարձաբար արտաքսեցին դիվանագետներին։ Ադրբեջանի իշխանությունները փակել են նաև Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը։