Telegram–ի մի շարք ալիքներ առաջարկում են դեպի Եվրոպա վիզա և այլ փաստաթղթեր պատրաստել, որոնք իրականում գումար հափշտակելու խարդախ մեխանիզմներ են։ Նման զգուշացնող հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն՝ կոչ անելով խուսափել նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից։
Մասնավորապես ԱԱԾ-ն բացահայտել է, որ «ArmSecretShop» կոչվող տելեգրամյան ալիքը առաջարկում է տարբեր խոշոր գումարների դիմաց՝ 4000, 11000, 12000 ԱՄն դոլարի դիմաց առանց դեսպանատներ այցելելու և հարցազրույցի մասնակցելու մուտքի արտոնագիր, տարբեր երկրների քաղաքացու անձնագրեր պատրաստել։ Դրա դիմաց ալիքը վարողը պահանջում է կանխավճարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ։ Ընդ որում նշված է, որ աշխատում են միայն փոստային ծառայությունների միջոցով։
«Քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են: Իրականում այդ փաստաթղթերը պատրաստված են համացանցից ներբեռնված ֆայլերի միջոցով»,-ասված է հաղորդագրությունում։
ԱԱԾ-ն հատկանշական է համարում, որ պաշտոնական եղանակով անձնագիր ստանալու համար պահանջվում է ներկայացնել 3.5x4.5 չափի լուսանկարներ, իսկ այս դեպքում պահանջում են 3x4 չափի լուսանկար, ինչը ակնհայտ վկայում է տելեգրամյան ալիքի վարողի կողմից կեղծ փաստաթղթերի պատրաստման և խաբեությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մասին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի վերոնշյալ տելեգրամյան ալիքից, կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale» և «Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ:
«Գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որն իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ»,-նշում է ԱԱԾ-ն:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով: