«Ռոսատոմը» գիտի` ինչպես կարելի է բեռնաթափել Երևանի փողոցները. նախագծի մանրամասներ

Մարշալ Բաղրամյան պողոտա
Երևանի քաղաքապետարանին հետաքրքրել է այն նախագիծը, որը թույլ է տալիս թվային լուծումների ներդրման հաշվին արդյունավետ դարձնել աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Ռոսատոմ» ընկերությունն առաջարկում է «Խելացի քաղաք» նախագծի միջոցով բեռնաթափել Երևանի փողոցները։ Այս պահին ընկերությունը բանակցում է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռոսատոմ-Միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։
Նախագիծն ավելի քան մեկ տարի առաջ ստորագրված համաձայնագրի` հայ–ռուսական հարաբերությունների զարգացման համալիր ծրագրի մի մասն է։
«Մենք աշխատում ենք Երևանի քաղաքապետարանի հետ։ Առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել Մոսկվայի օրինակով քաղաքային երթևեկության թվայնացումը», – ասաց Տուրունդաևը։
Նրա խոսքով` «Խելացի քաղաքը» նախատեսում է բազմաֆունկցիոնալ հարթակի ստեղծում, մեքենաների և հետիոտների շարժումները վերլուծող հատուկ տվիչներ ունեցող տեսախցիկներով քաղաքային հանգույցների թվայնացում։
Թվային հարթակը կարող է հետևել ցանկացած տրանսպորտային միջոցի, բացահայտել խախտումները, տուգանքներ հաշվեգրել։ Համակարգն ինքնավար է, ինքնուրույն է վերլուծում քաղաքի ծանրաբեռնվածությունը, առաջարկում է օպտիմալ երթուղիներ և լուծումներ։
«Համակարգը հաշվարկում է հետիոտների` փողոց անցնելու համար ծախսած ժամանակը, հետիոտների քանակը, վերլուծում է տրաֆիկը և օպտիմալ վայր առաջարկում հետիոտնային անցումների համար։ Ըստ էության, ոչ թե մարդն է որոշում, թե որտեղով անցնի հետիոտնը, այլ «խելացի» համակարգը», – ասաց Տուրունդաևը։
Նա նշեց, որ համակարգը թույլ է տալիս բեռնաթափել երթևեկությունը և օգնում է առավել օպտիմալ երթուղի գծել։
Տուրունդաևը նշեց, որ նախագիծը հետաքրքրել է Երևանի քաղաքապետարանի գործընկերներին։ Հայաստանում «Ռոսատոմ-Միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրենը հույս հայտնեց, որ նախագիծն առաջիկա մեկ կամ երկու տարում կյանքի կկոչվի։
«Ռոսատոմն» առաջարկում է լուծել Հայաստանի վտանգավոր թափոնների խնդիրը