Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ №2 և №2ա, ինչպես նաև №10 և №10ա երթուղիներում, իսկ «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծերով:
Նշվում է, որ հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով:
Երթուղի դուրս եկած տրոլեյբուսների առաջին ուղևորներից էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր շարժակազմի համալրումներն ու փոփոխությունները լինելու են հիմնականում էլեկտրոնային տրանսպորտի ուղղությամբ: Պլանավորում ենք ձեռք բերել մոտ 250 էլեկտրոավտոբուսներ: Սա նաև մեր վերաբերմունքն է օդի աղտոտվածության խնդրին»,-նշեց նա։
Նա նշեց, որ տրանսպորտը սկսելու է գործել մեկ տրամաբանությամբ՝ մետրոն ավտոբուսների հետ, ավտոբուսները տրոյլեբուսների հետ և բոլորը դառնալու են ընդհանուր ցանց։
Փոխքաղաքապետը վստահություն հայտնեց, որ մարդիկ սկսելու ավտոմեքենաներից հրաժարվել և երթևեկել տրանսպորտով, քանի որ ավելի հարմար ու ավելի արագ է լինելու: