ՊԵԿ–ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

ՀԴՄ
Ընդհանուր առմամբ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 35, իսկ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 67 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
Տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն:
«Շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 14 խախտման դեպք: Հատուկ հսկողություն պահանջող խոշոր 85 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 67 դեպք»,–նշված է հաղորդագրության մեջ:
Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է ռիսկերի խորհրդի կողմից:
2023 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ. ՊԵԿ