ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեի եկամտային մասի մի շարք հոդվածներով թերացումներ են արձանագրվում, թեև եկամուտները շարունակում են աճել։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ խոսելով 2023 թ պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքից, այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի, երբ պղնձի և մոլիբդենի արտահանման տուրքը հանվեց, բիզնեսի բեռը թեթևացավ։ Բացի այդ, կրճատվել են նաև բյուջեի մուտքերը՝ մոտ 41 մլրդ դրամով:
ՊԵԿ նախագահը նշեց, որ հույսունեին` այդ անկումը հնարավոր կլինի փոխհատուցել ռոյալթիի կանխավճարով, սակայն հաշվարկները չեն արդարացել և հարկային մուտքերը սպասվածից 45,2 մլրդ դրամով պակաս են ստացվել։
Բացի այդ, ըստ Բադասյանի, աճում է ֆիզիկական անձանց եկամտահարկի պակասուրդը, քանի որ ավելանում է հիփոթեք վճարողներին և ուսանողներին դրա վերադարձի ծավալը:
Նրա խոսքով` եթե 2022 թ առաջին կիսամյակում եկամտահարկի վերադարձը կազմել է 18 միլիարդի սահմաններում, ապա 2023 թ առաջին կիսամյակում այն արդեն ավելի քան 27 մլրդ էր։
«Ոչ ոք չի վիճարկում այդ ծրագրերի կարևորությունը, պարզապես պետք է հասկանալ, որ դրանք որոշակի արժեք ունեն»,- հավելեց Բադասյանը:
Այս խնդիրը մասամբ փոխհատուցվել է միայն ակցիզային հարկի դրույքաչափերի ու խաղատների տուրքերի աճով։
Բադասյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2022 թ առաջին կիսամյակում Հայաստանը ԵԱՏՄ–ից ստացել է 28,9 մլրդ դրամ։ Սա այն դեպքում, երբ մուտքագրել է ավելի մեծ գումար` 34,2 մլրդ դրամ։
ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ չի բացառվում` այդ միտումը պահպանվի մինչև տարեվերջ։
Ինչ վերաբերում է հարկերի հավաքագրման աճին, ապա այն, ըստ նրա, առաջին հերթին պայմանավորված է ավելի խիստ վերահսկողությամբ և ստուգումներով։ Նրա խոսքով՝ 2023 թ. առաջին կիսամյակում դրոշմված ՀԴՄ կտրոնների ընդհանուր գումարն աճել է ավելի քան 26 տոկոսով։ Բադասյանը նշեց, որ հարկային տեսուչները պարզել են, որ դեռևս տեղի են ունենում կտրոնների և հաշիվ-ապրանքագրերի խարդախություններ:
«Ասենք՝ ապրանքը 7 000 դրամ արժե, սակայն հաշիվ-ապրանքագրում կամ չեկի մեջ գրվում է 5 000 դրամ։ Նման դեպքերը քիչ չեն, և դրանք ցույց են տալիս, որ ստուգումների խստությունը պետք է պահպանել»,- հավելեց Բադասյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թ առաջին կիսամյակում բյուջետային մուտքերի ծավալը կազմել է 1 տրլն 103,9 մլրդ դրամ, ինչը 2022 թ նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 24,4 տոկոսով։