ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Վերջին երկու օրում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 24 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված և մինչև 14000 քմ տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգերի մի մասը վերաբերում է Երևանի տարբեր վարչական շրջաններում բռնկված հրդեհներին։
Ըստ հաղորդագրության` հրդեհներ են բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանում՝ 6400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ տարածքներում։
Երևանից ոչ հեռու ևս հրդեհներ են գրանցվել` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 200 քմ, Պտղնի գյուղում՝ 14000 քմ, Արզական գյուղում՝ 2,5 հա, Արզնի գյուղում՝ 2300 քմ, Քարաշամբ գյուղում՝ 7000 քմ, Գետամեջ գյուղում՝ 3000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1000 քմ, Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհին՝ 8000 քմ տարածքներում։
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հրդեհ է բռնկվել 2000 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում՝ ևս 2000 քմ տարածքներում։
Հրշեջ-փրկարարները նշված տարածքներում մարել են բռնկված հրդեհները, ընդհանուր` մոտ 8 հա։