Աշխատատեղեր հերոսների մայրերի համար. Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել

Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել
Հացատան շնորհիվ կենտրոնը միանգամից մի քանի խնդիր կլուծի և գուցե ապահովի իր ֆինանսավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ աշխատելու են զոհված և անհետ կորած զինվորների մայրերն ու հարազատները:
Կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ հացատանը աշխատելու է վեց մարդ, իսկ հետագայում նրանց թիվը կավելանա։ Դրա բացումը մի քանի նպատակ ունի՝ թերապևտիկ, ուսուցողական (նոր հմտություններ) և, իհարկե, զբաղվածություն։
Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել
«Եթե մարդուն բուժես ու պարապ թողնես, ապա բուժումը թերի կլինի։ Բացի այդ, հացատունը թույլ կտա ապահովել կենտրոնի ինքնաֆինանսավորումը, բոլոր վճարումները կլինեն էլեկտրոնային, և ամբողջ շրջանառությունը կլինի վերահսկելի ու թափանցիկ»,-նշեց նա։
Վերականգնողական քաղաքում հացատուն է բացվել
Իսկ ահա զոհված Գևորգ Հակոբյանի մայրը՝ Արևիկը, պատմեց, որ կենտրոնում աշխատելը, բացի սոցիալական խնդիրները լուծելուց, իր համար որդու երազանքն իրականացնելու հնարավորություն է: Նա պատմեց, որ Գևորգը երազում էր բանակից վերադառնալուց հետո հացի փուռ բացել, որպեսզի այն ընտանեկան բիզնես դառնա:
Գևորգ Հակոբյանի մայրը՝ Արևիկը
«Պատերազմի օրերին ես հաց էի թխում ռազմաճակատի համար և մտածում էի, որ գուցե մի կտորն էլ որդուս կհասնի։ Իսկ հիմա կթխեմ կենտրոնի այցելուների համար, կզրուցեմ նրանց հետ և կօգնեմ վերականգնողական աշխատանքներին»,-նշեց կինը։
Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օծեց հացատունն ու դրա բացումը խորհրդանշական համարեց. հայերը, որտեղ էլ բնակություն էին հաստատում, առաջին հերթին թոնիր էին կառուցում, հետո՝ եկեղեցի ու դպրոց: Հոգևորականը դա բացատրում է նրանով, որ հայի համար կարևոր են հանապազօրյա հացն ու հոգու և մտքի սնունդը:
Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը
Նշենք, որ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական առողջության կենտրոնը բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին: Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ բուժմանը զուգահեռ Արցախում մարտական գործողությունների մասնակիցները կարող են անհրաժեշտ վերականգնողական կուրս անցնել։ Կենտրոնի շահառուներ են նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները: 2023 թվականին նախատեսվում է կենտրոնում հիվանդանոցային բուժման նոր մասնաշենք կառուցել։ Կենտրոնի մասնաճյուղեր կբացվեն Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում: