ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին խորհրդակցություն է հրավիրել և ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսել միայն մի պայմանով, եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետև նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս դրանից խուսափելու: Պաշտոնական հաղորդագրությունում ՌԴ-ի մասը բացակայում է»,– գրում է պարբերականը:
«Հրապարակը» եզրահանգում է, որ հաշվի առնելով նաև Արայիկ Հարությունյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակը, չի բացառվում, որ Բաքվի հետ բանակցություններն իրականացվեն ՌԴ-ի միջնորդությամբ:
Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արցախի նախագահը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Արցախն ունեցած խիստ սահմանափակ հնարավորությունների սահմաններում առավելագույնն է անում իրավիճակը վերահսկելու ուղղությամբ՝ ունենալով ու գործարկելով մի շարք սցենարներից բխող գործողությունների պլաններ: Այս համատեքստում Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Մայիսի 22–ի ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձևը։