Ուկրաինայում ազգայնացրել են «Իլյուշին» ավիացիոն համալիրի ակտիվները

ԻԼ–20 ինքնաթիռ
Համալիրը, որը «Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիայի (UAC) մաս է կազմում, ավիացիոն սարքավորումների մշակման ոլորտում Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ուկրաինայում ազգայնացրել են ռուսական Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկության ակտիվները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը պատժամիջոցներ է կիրառել Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկության նկատմամբ` նրանից բռնագանձելով ավելի քան 4 մլն դոլարի ակտիվ:
«Դատախազության նյութերի հիման վրա ազգայնացվել են ռուսական ավիաընկերության ակտիվները։ Գլխավոր դատախազի նյութերի և հավաքած ապացույցների հիման վրա բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարության հայցը՝ «Ռոստեխ» պետական կորպորացիային պատկանող ակտիվները Ուկրաինային փոխանցելու մասին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինային է փոխանցվել ավելի քան 4 մլրդ դոլար արժողությամբ ԱՆ-140-100 ուղևորատար ինքնաթիռի տիպային կառուցվածքը, որը Ս.Վ. Իլյուշինի անվան «Ավիացիոն համալիր» ձեռնարկությունը 2010 թվականին հանձնել է «Անտոնով» պետական ձեռնարկությանը փորձարկումներ անցկացնելու համար:
Իլյուշինի անվան ավիացիոն համալիրը, որը «Ռոստեխ» միացյալ ավիաշինական կորպորացիայի (UAC) մաս է կազմում, ավիացիոն սարքավորումների մշակման Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է։