Տակեշի Կիտանոն գալիս է Հայաստան. նա 20-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը կլինի

Տակեշի Կիտանո
Կիտանոն համարվում է ժամանակակից ճապոնական կինոյի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ճապոնացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, կատակերգակ Տակեշի Կիտանոն։
Փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից։
Տակեշի Կիտանոն ժամանակակից կինոյի կարկառուն ներկայացուցիչներից է։ Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում, տասնյակից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, 2 տասնյակից ավելի ֆիլմերի սցենարիստ։ Կիտանոն 3 անգամ ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնի, 1 Սեզարի, մի քանի անգամ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Հրավառությունը» (1997թ.)։ Այս ֆիլմը բարձր է գնահատվել համաշխարհային կինոքննադատների կողմից, արժանացել Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծի», Եվրոպական կինոակադեմիայի կողմից ճանաչվել է լավագույն ոչ եվրոպական ֆիլմ, ճապոնական «Երկնագույն ժապավեն» կինոփառատոնում ևս հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Կիտանոն գրել է նաև ավելի քան հիսուն գիրք` բանաստեղծություններ և կինոքննադատություններ, ինչպես նաև մի քանի վեպ, որոնցից մի քանիսը որպես սցենարներ օգտագործվել են այլ ռեժիսորների կողմից։ Նա նաև արդեն տարիներ շարունակ հայտնի հեռուստահաղորդավար է, նաև դասավանդում էի Տոկիոյի համալսարանում։
Հիշեցնենք` «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-16-ը։
Հետ նայելով գալիքին. 20-ամյա «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով