ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի կենտրոնում Աշտարակի համայնքապետարանին պատկանող տեսանկարահանող սարքին փայտով հարվածած ու այն կոտրած տղամարդը, պարզվել է, զբաղվել է թմրաշրջանառությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Աշտարակի համայնքային ոստիկանները պարզել են, որ 35-ամյա տղամարդն իր բնակության վայրում`Ոսկեվազ գյուղում, զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նույն օրը ոստիկանները տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել ու տեղափոխել են Աշտարակի բաժին։
Նրա տան հարակից տարածքում հայտնաբերվել են կանեփի 130-ից ավելի բույսեր, մարիխուանայով փաթեթներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: