Հայտնի են «ԴիջիԹեք 2023-ի» օրերը․ սկսնակ թիմերը կարող են մասնակցել լավ պայմաններով

Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «ԴիջիԹեք 2023» բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-15–ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) ։
Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է արդեն 18-րդ անգամ, այս տարի այն կրում է «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries» խորագիրը։
«ԴիջիԹեքի» բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։
«Ցուցահանդեսին կներկայանան մի շարք նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների առաջ։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։ Իսկ այցելուները կծանոթանան թեք աշխարհի ամենաթարմ թրենդներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց
Հիշեցնենք, որ Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին: