Գերեվարված հայ զինծառայողների մասին տվյալները ՄԻՊ-ը փոխանցել է միջազգային կառույցներին

ՄԻՊ Անահիտ Մանասյանը
Պաշտպանի խոսքով` առևանգված հայ զինծառայողները գերի են, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր միջազգային իրավունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Մայիսին Սյունիքից գերեվարված երկու հայ զինծառայողների մասին տվյալները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փոխանցել է միջազգային գործընկերներին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով` զինծառայողների` ադրբեջանցիների կողմից առևանգումից անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմի հետ կապ են հաստատել նրանց հարազատները, տվյալներ են փոխանցել ծառայության բնույթի, մինչև առևանգումը գտնվելու վայրի մասին։ Ըստ պաշտպանի` այդ տեղեկությունները հաստատում են, որ նրանք առևանգվել են։
«Մենք զրուցել ենք նրանց հարազատների հետ, մոտավոր տպավորություններ կազմել մինչ այդ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին»,– ասաց Մանասյանը։
Փաստագրված տվյալները թարգմանվել են անգլերեն և փոխանցել են միջազգային գործընկերներին։
Նրա խոսքով` այս խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է, նա բարձրաձայնում է միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում։
«Մենք գործ ունենք գերու կարգավիճակ ստացած մարդկանց հետ, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր իրավունքները»,- հայտնեց Մանասյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։