ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Բացառիկ դեպքերում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից գործուն զղջման պայմանով: Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել այսօրվա կառավարության նիստում:
Այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն գործուն զղջման հիմքով ազատ արձակումը կիրառելի է միայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար` եթե հանցագործն ընդունել է մեղքը, սկսել է համագործակցել քննության հետ և արել է հնարավորը` վնասի հատուցման համար:
Միևնույն ժամանակ, քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ոչ թե չեղյալ հայտարարելու, այլ պատիժը մեղմելու հնարավորությունը: Այս հնարավորությունը տարածվում է նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վրա, բայց միայն բացառիկ դեպքերում`մեկ կամ մի քանի մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը, հանցագործի նպատակները, հանցագործության ընթացքում ու դրանից հետո նրա վարքագիծը և այլն:
Այժմ Քննչական կոմիտեն առաջարկում է նման դեպքերի համար ստեղծել պատժի ամբողջական վերացման հնարավորություն, բայց միայն ծանրակշիռ մեղմացնող հանգամանքների առկայության դեպքում։
Ազատ արձակման որոշումը չի կարող կիրառվել այն հանցագործությունների համար, որոնց համար քրեական օրենսգիրքը նախատեսում է ցմահ ազատազրկում, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, թրաֆիքինգի, ահաբեկչության, սահմանադրական կարգի տապալման, պատերազմական մի շարք հանցագործությունների համար` ենթակաների նկատմամբ բռնություն, զինծառայողներին ինքնասպանության հասցնելը:
Ազատ արձակման որոշումը չի կարող կիրառվել նաև այն դեպքերում, երբ տուժողը մինչև 14 տարեկան երեխա է կամ հոգեկան, մտավոր դժվարություններ ունեցող անձ: