ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից կաշառք ստանալու և թմրամիջոց ձեռք բերելու հարցում օժանդակելու համար մեղադրանք է առաջադրել ՔԿՀ–ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետին։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով առաջարկը, հանդիպել է նրանց մատնանշած անձանց և վերցրել հեռախոսներն ու գումարը:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնել է նաև կաշառքի դիմաց թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին:
2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ու 50.000 դրամ կաշառք, այնուհետև վերը նշված բոլոր դեպքերով ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում։ Սակայն մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը:
Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանն օժանդակելը), իսկ դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: