ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը բանակցում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հետ՝ փորձելով համոզել նրան, որ չմիջամտի արդիականացված F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիա։ Այս մասին գրում է «Punchbowl News»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Շվեդիան ամերիկացիներին առաջարկել էր այդ կործանիչները փոխանցել Թուրքիային, որպեսի թուրքական կողմը Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու համաձայնություն տա։ Սակայն մատակարարումներին խանգարում է Մենենդեսի կոշտ դիրքորոշումը, որը թուրքական քաղաքականության (այդ թվում՝ Հայաստանի և Հունաստանի նկատմամբ) մոլեգին քննադատներից է:
Ըստ ԶԼՄ–ի` Բայդենի վարչակազմը պատրաստ է ինքնաթիռները վաճառել 20 մլրդ դոլարով, սակայն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Մենենդեսի նախագահությամբ, այս հարցում իր կարծիքն ունի։
Հիշեցնենք` երբ ԱՄՆ-ն Թուրքիային հանեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների համատեղ արտադրության և մատակարարման ծրագրից, Անկարան հայտարարեց, որ ցանկանում է իր ավիապարկը թարմացնել F-16 Block 70/72-ի կատարելագործված տարբերակներով: Թուրքիան ցանկանում է գնել ընդհանուր առմամբ 40 մարտական մեքենա։ Մենենդեսն ավելի վաղ ասել էր, որ ինքը` որպես սենատոր, այդ ինքնաթիռների վերաբերյալ որևէ գործարք հավանության չի արժանացնի։