ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Թմրամիջոցների մաքսանենգության միջազգային մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքում (Հորմոզգան նահանգ)՝ Պարսից ծոցի ափերի մոտ: Այս մասին, Fars-ի փոխանցմամբ, հայտարարել է նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար Բահադոր Էսմայիլին։
«Հետախուզական-տեխնիկական մի շարք միջոցառումների անցկացման և Հորմոզգան նահանգի հետախուզական ծառայությունների, թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության հետ փոխգործակցության արդյունքում պարզվել է թմրանյութերի մաքսանենգության միջազգային մաֆիայի ցանցի պարագլխի գտնվելու վայրը. նրան էին պատկանում ծովով տեղափոխվող թմրամիջոցների խոշոր խմբաքանակներ»,-ասել է Էսմայիլին:
Նշվում է, որ մաֆիայի ցանցի պարագլուխը ձերբակալվել է իր ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ: Ձերբակալման ժամանակ առգրավվել է նրա ավտոմեքենան, ինչպես նաև մի քանի բջջային հեռախոս և բանկային քարտեր, որոնք օգտագործվել են մաքսանենգության համար:
Մայիսի սկզբին թմրանյութերի խմբաքանակներից մեկը փոխադրելիս խմբավորումը տվյալ պարագլխի ղեկավարությամբ կրակ էր բացել սահմանապահ հենակետում գտնվող զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել էր Հորմոզգան նահանգի սահմանապահ զորքերի թմրանյութերի դեմ պայքարի վարչության ղեկավար, գնդապետ Մասուդ Փարքասը:
Հունիսի վերջին Իրանի իրավապահ ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտնել էր, որ թմրավաճառների դեմ պայքարի ընթացքում զոհվել է Իրանի ոստիկանության շուրջ 4 հազար աշխատակից: