Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կաջակցի սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների հարցում

Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցելու սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես սոցիալապես անապահով խմբերի զբաղվածության խթանման, սոցիալական արդարության համակարգի զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանությանն ու ընտանիքի ամրապնդմանն ուղղված ծրագրերի մասին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ հանդիպմանը նախարար Մկրտչյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն սոցիալական աջակցության, զբաղվածության ծրագրերի և այլ ծառայությունների միջոցով ակտիվացել սոցիալապես անապահով խմբերին, այդ թվում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին։
ՀՀ–ն շահագրգռված է զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
Նախարարը տեղեկացրել է առաջիկայում Երևանում «Աշխատանքի ապագան» թեմայով միջազգային ֆորումի կազմակերպման հնարավորության մասին։
Կարևորելով հայ-բրիտանական հարաբերությունների շարունակականությանն ուղղված ջանքերը՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման, մասնագետների այցերի և ծրագրերի իրագործման շրջանակում աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։