ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձինք և զինվորականներ պետական կոչումներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական բանակը 4 նոր գեներալներ ունի։ Նախագահի հրամանագրով ՀՀ զինուժում տարբեր պաշտոններ զբաղեցնող 4 գնդապետների շնորհվել է գեներալ–մայորի կոչում, իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանին էլ շնորհվել է գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում։
Դասային աստիճան, կոչումներ ու մեդալներ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
© Photo : official site of the President of RA
Օրվա առիթով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Ռուստամ Բադասյանին շնորհվել է առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Իրավապահ համակարգի մի շարք ծառայողներ ևս գեներալի կոչման են արժանացել։ Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ավագ Մարգարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի այլ հրամանագրերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Պետրոսյանը։
Դասային աստիճան, կոչումներ ու մեդալներ՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
© Photo : official site of the President of RA
Գեներալ–մայորի կոչում է շնորհվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանին և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է կոչումների արժանացած պաշտոնյաներին` վստահություն հայտնելով, որ Սահմանադրության բուն էությանը հավատարիմ մնալով` կշարունակեն իրենց ծառայությունը՝ ի շահ մեր պետության հզորացման և ի բարօրություն մեր քաղաքացիների։