ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով 2 քարաշեն ավտոտնակ է փլուզվել, ինչպես նաև 78-ամյա քաղաքացի է տուժել, առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Կատարվել է դեպքի վայրի զննություն: ՔԿ–ն նախնական տվյալներ է ստացել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի սարքավորումներ։
«Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու կողմից իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:
Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, բետոնե կառուցվածքների որոշ հատվածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են։ Շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։
Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն
© Photo : ՀՀ Քննչական կոմիտե
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։
Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։
Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։