Փարաջանովի 100–ամյակի առթիվ Ֆրանսիայում կցուցադրվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը

Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսի բանախոսները
2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100–ամյակի կապակցությամբ հայ–ֆրանսիական նախագիծ կիրականացվի, որի շրջանակում ֆրանսիական մի շարք թատրոններում կներկայացվի «Նռան գույնը» պարային բեմադրությունը։ Սերգեյ Փարաջանովի թանգարանում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախագծի հեղինակ և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ Սաթէ Խաչատրյանը։
Սաթէ Խաչատրյան
Նրա խոսքով` ներկայացման առաջնախաղը կկայանա 2024 թվականի հունվարի 18, 19 – ին Դեսինի «Տոբոգան» թատրոնում, հունվարի 26-ին` Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնում։

«2024 թվականի մարտի 15-ին և 16-ին բեմադրությունը կցուցադրվի Երևանում։ Հնարավոր է` ներկայացումներով հանդես գանք նաև Վրաստանում»,–ասաց Խաչատրյանը։

Ներկայացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2022 թվականի հուլիսից Ֆրանսիայում։
Նախագծի առաջին փուլին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան են ժամանել ներկայացման խորեոգրաֆ Մուրադ Մերզուկին, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը։
Մուրադ Մերզուկի
Հայաստանում ստեղծագործական թիմին է միացել «Հող» խումբը, որին վստահված է պարային ներկայացման երաժշտական ստեղծագործությունը, ինչպես նաև Էդգար Մանուկյանը, որը լինելու է ներկայացման հագուստների ձևավորման հեղինակը։ Մուրադ Մերզուկին ընտրել է երկու հայ պարողի, որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ ներկայացման բեմադրական աշխատանքներին մասնակցելու։
Նախագծի երկրորդ ստեղծագործական փուլը կկայանա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 4-ը Ֆրանսիայի Բրոն քաղաքի «Պոլ-Պիկ» մշակութային կենտրոնում, հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։
«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». այն տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը
Նախագծի երրորդ և վերջին ստեղծագործական փուլը կկայանա 2024 թվականի հունվարի 8-18-ը ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում, դարձյալ հայ և ֆրանսիացի արտիստների մասնակցությամբ։
«Նռան գույնը» պարային բեմադրությունն իրականացնում են ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը, «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը և «Արտ – Իմաժ» մշակութային ՀԿ – ն։ Նախագծին աջակցում են Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանսիայի դեսպանատունը, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնները։ Նախագծին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը և Լիոնի Մետրոպոլը։
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում