Միրզոյանն ու Իրանի դեսպանը համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել

Աբբաս Բադախշան Զոհուրին ու Արարատ Միրզոյանը
Քննարկվել են երկու երկրների ջանքերը` ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հայ-իրանական փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից: Սա ընդգծել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարն ու դեսպանը քննարկվել են համագործակցության օրակարգային տարբեր հարցեր։ Շեշտվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
«Վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման երկու երկրների տեսլականին, անդրադարձ են կատարել այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին։
Նշենք, որ դեսպան Զոհուրին ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Հայաստանում Իրանի դեսպանին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար` շեշտադրելով այն, որ Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ։
Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ–ում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: Նրան շուտով այդ պաշտոնում կփոխարինի Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։