Հայ-ամերիկյան ակտիվ հարաբերությունները խոստումնալից են. Փաշինյանը շնորհավորել է Բայդենին

Ազատության արձանն ԱՄՆ-ում
Կառավարության ղեկավարը շեշտել է ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում ԱՄՆ դիրքորոշումը, որը գործնականում դրսևորվեց 2021-2022 թվականների ընթացքում: Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին նշված է Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ Անկախության օրվա առիթով նախագահ Ջո Բայդենին հղված շնորհավորական ուղերձում։
«Մենք բարձր ենք գնահատում նաև ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին՝ հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անձեռնմխելիության, հանուն անկախության, ինքնիշխանության և տարածաշրջանում երկարատև խաղաղ զարգացման»,– նշված է վարչապետի ուղերձում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստումնալից է անվանել վերջին տարիների հայ–ամերիկյան ակտիվ երկկողմ հարաբերությունները ու վստահություն հայտնել, որ ԱՄՆ-ի շարունակական առաջնորդությունը ժողովրդավարության հարցում նպաստում է ազատության, հավասարության և մարդու անօտարելի իրավունքների հիմնարար արժեքների առաջմղմանը բազմաթիվ երկրներում։
Փաշինյանը Ամերիկայի ժողովրդին բարօրություն, խաղաղություն և շարունակական առաջընթաց է մաղթել։