ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահ Անջեյ Դուդային հիշեցրել է, որ Հայաստանը դիմել էր ԵՄ-ին «Խաղաղության եվրոպական գործիքի» (European Peace Facility-EPF) միջոցով Հայաստանին տեխնիկական աջակցություն հատկացնելու խնդրանքով, սակայն մերժվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Եվրոպական միությունն այդ մեխանիզմի միջոցով աջակցություն է հատկացնում Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին: Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվել է՝ հղում տալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման գործում ԵՄ միջնորդական ջանքերին, ինչպես նաև «կոնֆլիկտային զգայունության» խնդրին: Կուզենայի կրկնել, որ խոսքը վերաբերում է տեխնիկական օժանդակությանը՝ պաշտպանական կարողությունները բարձրացնելու նպատակով»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանը նշել է նաև, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի առաջնային գործընկերը ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և բարեփոխումների օրակարգին աջակցելու հարցում։ Ըստ նրա` չնայած այն դժվարություններին, որոնց բախվել է մեր երկիրը վերջին մի քանի տարիներին՝ պահպանվել է Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, և մի շարք համաձայնագրերի ստորագրմամբ էլ ավելի է ամրապնդվել իրավական դաշտը:
Անդրադառնալով տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու օրակարգին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը:
Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությանը պատուհասած ճգնաժամի և Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին: Նա շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերներից նման անօրինական և անմարդկային գործողությունների դատապարտում և ընդհուպ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառում:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր հերթին շեշտել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը և, հատկապես, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կարևոր է իրենց համար:
«Դուդան նշել է, որ հետևում են 44-օրյա պատերազմից հետո տիրող իրավիճակին, ինչպես նաև քաջատեղյակ են տարածաշրջանի անվտանգային հարցերից ու լավ են պատկերացնում, թե որ երկիրն է իրականում խաղաղություն ուզում, որը՝ ոչ»,– նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Լեհաստանի նախագահը ասել է, որ անձամբ աջակցել է Հայաստանի և Վարշավայի ֆոնդային բորսաների միջև անցած տարի կայացած գործարքին՝ վստահ լինելով, որ տնտեսության զարգացմամբ ամրապնդվում է նաև Հայաստանի ինքնիշխանությունը:
Նշենք, որ Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկի, Վարշավայի Կազիմիր Պուլասկի անվտանգության գիտահետազոտական կենտրոն-հիմնադրամի փորձագետների հետ: