Անձնագրային ստորաբաժանումները հուլիսի 8-ից կսկսեն աշխատել նաև շաբաթ օրերին. ՀՀ ՆԳՆ

ՀՀ անձնագիր
Նախարարությունը հիշեցրել է, որ Երևանի անձնագրային մի շարք ծառայություններում էլեկտրոնային հերթագրում է գործում, աստիճանաբար էլ համակարգը կներդրվի նաև մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում հուլիսի 8-ից քաղաքացիները կսպասարկվեն նաև շաբաթ օրերին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Նման որոշում է կայացվել` հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը։ Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով»,– ասված է հաղորդագրությունում:
Նախարարությունը հիշեցրել է նաև, որ անձնագրային մի շարք ծառայություններում գործում է էլեկտրոնային հերթագրում` Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվի նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում։
Հերթագրվել կարելի է migration.e-gov.am կայքի միջոցով:
Հաջորդիվ էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մնացած անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։